IX-XI դդ. մեծ վերելք ապրեց արտաքին առևտուրը: Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի: Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները: Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը:
Հայաստանը ոչ միայն ապրանքներ էր ներմուծում, այլև լայնորեն արտաքին շուկա էր հանում իր արտադրանքը: Արտահանվում էին հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր և այլն: Արտահանվող ապրանքների մեջ մեծ բաժին էր կազմում արհեստագործական արտադրանքը՝ մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն: Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն:
Առևտրի զարգացումը խթանեց նաև դրամաշրջանառությունը, չնայած դրան զուգահեռ գործում էր պարզ ապրանքափոխանակությունը: Առևտրատնտեսական հարաբերություններում խիստ բարձրացավ փողի դերը: Սակայն առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում:
Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար: