Հայաստանը զարգացած միջնադարումՀայաստանի տնտեսական ու քաղաքական վիճակի վատթարացումըՄոնղոլների քաղաքականությունը Հայաստանում: Երկրի տնտեսական կյանքի քայքայումը

Մոնղոլների քաղաքականությունը Հայաստանում: Երկրի տնտեսական կյանքի քայքայումը

Մոնղոլական նվաճումներն աղետաբեր էին հարուստ ու զարգացած երկրների համար: Մարդկային հսկայական կորուստներից բացի, նրանք վիթխարի վնաս հասցրին գրաված երկրների տնտեսությանը:

Զավթիչների հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր: Այդ պատճառով նրանք ընդարձակ ու անմարդաբնակ տարածքների կարիք էին զգում: Մոնղոլների բազմահազարանոց հոտերն ամռանն արածում էին լեռնային արոտավայրերում, իսկ ձմռանը տեղափոխվում էին տաք հարթավայրեր: Այդ տեղաշարժերի ժամանակ անխնա ավերվում էին արտերն ու այգիները, թալանվում էր տեղական երկրագործների ունեցվածքը: Հայաստանի բնակչությունը խիստ նոսրացավ ինչպես բնաջնջումների, այնպես էլ երկրից զանգվածային արտագաղթի հետևանքով: Զաքարյանների ժամանակվա տնտեսական բարգավաճ վիճակից հետք անգամ չմնաց:

Բնակչության դրությունն էապես չբարելավվեց նույնիսկ այն ժամանակ, երբ մոնղոլները դադարեցրին արշավանքները: Այժմ նրանք սկսեցին հարկերի միջոցով թալանել բնակչությանը: Մոնղոլ հարկահավաքները մի քանի անգամ աշխարհագիր անցկացրին և պարտադրեցին բոլորին բազմատեսակ հարկեր վճարել: Տասնվեցից մինչև վաթսուն տարեկան բոլոր տղամարդիկ հարկման ենթարկվեցին: Հատկապես ծանր էին այն վճարումները, որ պարտավոր էին կատարել առևտրականներն ու արհեստավորները: Հարկահավաքների ախորժակը չափ ու սահման չուներ: Նրանց կամայականություններից տուժում էին հայ իշխանները, որոնցից բռնությամբ մեծ գումարներ էին շորթում: Առանձին գավառներում մոնղոլները հատուկ զորամասեր կարգեցին, որոնք վերահսկում էին տեղական իշխանների գործունեությունը: Այդ զորքերի խնդիրն էր նաև հետևել, որ բոլոր հարկերը սահմանված կարգով հավաքվեն և ուղարկվեն պետական գանձարան:

Հարկերի վճարումից բացի, բնակչության վրա այլ պարտավորություններ դրվեցին: Ծանր էր մոնղոլներին ռազմական հարկ վճարելու և զինվորներ տրամադրելու պարտականությունը: Հպատակ ժողովուրդներից հավաքագրված մարտիկներին մոնղոլները պարտադրում էին կռվել ամենավտանգավոր տեղերում, որպեսզի այդ եղանակով իրենք խուսափեն մեծ կորուստներից:

Հայ հոգևորականության նկատմամբ մոնղոլներն սկզբնական շրջանում մեղմ քաղաքականություն էին վարում: Քրիստոնյա հոգևորականությունն ազատված էր հարկերից և հալածանքների չէր ենթարկվում: Մոնղոլական պետության բոլոր մասերում քրիստոնյաներն իրավունք ունեին եկեղեցիներ կառուցել և արարողություններ կատարել: Սակայն XIII դ. վերջին, երբ հեթանոս մոնղոլների վերնախավը մահմեդականություն ընդունեց, քրիստոնյաների հալածանքները սովորական երևույթ դարձան:

Մոնղոլական տիրապետությունն իսկական աղետ էր քաղաքների համար: Հայաստանի քաղաքներից շատերն ավերակների վերածվեցին և այդպես էլ մնացին լքված:

Մոնղոլները հովանավորում էին միայն միջազգային տարանցիկ առևտուրը, որից իրենք խոշոր եկամուտ էին ստանում: Հայաստանով էր անցնում քարավանային առևտրի հարավային մայրուղին, որը Թավրիզ քաղաքը կապում էր Կիլիկյան Հայաստանի Այաս և Միջերկրածովյան այլ նավահանգիստների հետ: Այղ առևտուրը, սակայն, ի վիճակի չէր կասեցնելու երկրի ընդհանուր տնտեսական անկումը: Առևտուրը և արհեստագործությունը աշխուժացել էին միայն Հայաստանի հարավային շրջանների քաղաքներում: Փոխարենը առևտրական մեծ ճանապարհը, որն անցնում էր Այրարատյան դաշտով և Հայաստանի հյուսիսով, կորցրել էր նախկին նշանակությունը: Այդ պատճառով էլ Անիում և Կարսում հետզհետե մարում էր քաղաքային կյանքը, իսկ Դվինը որպես քաղաք դադարեց գոյություն ունենալ:

Երկրում անապահով դրություն էր ստեղծվել: Մոնղոլական պետությունը գրեթե ամեն տարի պատերազմում էր հարևան պետությունների դեմ, չէին դադարում նաև ներքին կռիվները: Զորքերի տեղաշարժերի ժամանակ ոտնակոխ էին լինում և ոչնչացվում ցանքսերն ու այգիները, ամայացվում էին նախկինում բարգավաճ շրջանները: Տնտեսական քայքայումը սպառնալից ծավալ էր ընդունել և անելանելի վիճակի մեջ դրել խաղաղ բնակչությանը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ