Օտար տիրապետության հաստատումը զանգվածային բողոք առաջ բերեց Հայաստանում և Վրաստանում: Տեղական իշխաններն ապստամբության ծրագրեր էին մշակում, որոնք չվրիպեցին մոնղոլների ուշադրությունից: 1249թ. հայ և վրաց իշխանները գաղտնի հավաք կազմակերպեցին և նախապատրաստվեցին ապստամբելու: Սակայն այդ նախապատրաստությունները հայտնի դարձան մոնղոլներին: Նրանք գործի անցան այն ժամանակ, երբ հայ և վրացի իշխանները գաղտնի հավաքից հետո մեկնել էին իրենց տիրույթները: Մոնղոլները ձերբակալեցին այդ իշխաններից շատերին: Երեք օր շարունակ բռնակալները չարչարում էին իշխաններին, վիրավորում նրանց արժանապատվությունը:
Մոնղոլական լծի դեմ ելույթները շարունակվեցին նաև հետագայում: Հաջորդ ապստամբության համար պատճառ դարձան հարկերի անասելի մեծացումը և հայերին ու վրացիներին Եգիպտոս պատերազմի ուղարկելու մտադրությունը: 1259թ. վրաց թագավոր Դավիթ Է-ի շուրջ համախմբված իշխաններն ապստամբության դրոշ բարձրացրին և հրաժարվեցին ենթարկվել մոնղոլներին: Մոնղոլական 20-հազարանոց բանակը հետապնդեց ապստամբներին, բայց չկարողացավ ճնշել շարժումը: Ապստամբած իշխանները հաջողությամբ դիմադրում էին և ծանր հարվածներ հասցնում մոնղոլներին: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, հետագա դիմադրությունն աստիճանաբար դժվարանում էր: Այդ պատճառով էլ երկու տարի հետո ապստամբների ու մոնղոլների միջև բանակցություններ սկսվեցին, որից հետո վրաց թագավորը համաձայնեց կրկին հնազանդվել մոնղոլներին: