Հաստատվելով Հայաստանում՝ նվաճողները կախվածության մեջ գցեցին տեղական իշխաններին: Նրանք իրենց ջոկատներով մասնակցում էին մոնղոլների վարած պատերազմներին, վճարում էին սահմանված հարկերը, կատարում էին մոնղոլների բոլոր պահանջները: Մոնղոլների հայտնվելուց հետո էլ հայ իշխանների մեծ մասը շարունակում էր ենթարկվել Զաքարյան իշխաններին: Նվաճողները, սակայն, ջանում էին ջլատել հայ իշխանների միասնությունը և զանազան միջոցներով գժտություն էին սերմանում նրանց շրջանում:
XIII դ. կեսերից հայ իշխանական դասն սկսեց արագորեն թուլանալ: Ով խուսափում էր մոնղոլների հետ համագործակցելուց, ենթարկվում էր ճնշումների: Իշխանական հին ու ազդեցիկ տները հաճախ ստիպված էին լինում վաճառել տոհմային տիրույթները: Այդպես վարվեցին անգամ նախկինում հզոր Զաքարյանները՝ 1267թ. վաճառքի հանելով Անի քաղաքը:
Հայ իշխանների դիրքերն ավելի թուլացան, երբ սկսվեց մոնղոլական պետության մասնատումը՝ ուղեկցվելով ծնունդ առած անիշխանությամբ ու բռնություններով: Հայ իշխանները համախմբված չէին և բավականաչափ ուժ չունեին մոնղոլական զորավարների կամայականություններն ու չարաշահումները կանխելու համար: Հայ իշխանական տները XIV դ. կեսերից աստիճանաբար քայքայվեցին, և նրանց տիրույթներն անցան քոչվոր ցեղապետներին ու զինվորական առաջնորդներին: Զաքարյանները, որոնց տիրույթները խիստ սահմանափակվել էին, ընդմիշտ հեռացան պատմական ասպարեզից: Թուլացել էին և տիրույթներից զրկվել նաև Արագածոտնի տեր Վաչուտյանները, Վայոց ձորի Պռոշյանները: Նույն ճակատագրին արժանացավ հայ իշխանական տների մեծ մասը:
Հայկական իշխանական տների թուլացումը թույլ չտվեց օգտվելու մոնղոլական պետության տրոհումից և վերականգնել անկախ պետականությունը: