Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ կացությունը շարունակվեց նաև XIV դարում: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն, և փոխվեց նրանց վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Մոնղոլա-մամլուքյան հակամարտությունն ավարտվեց մամլուքների հաղթանակով: Օգտվելով սրանից՝ մամլուքները նորից արշավեցին Կիլիկիա:
Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար արքունիքն սկսեց բանակցել Բյուզանդիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ: Օգնության դիմաց հայերը խոստանում էին դավանական որոշ զիջումներ կատարել բյուզանդական և կաթոլիկ եկեղեցիներին: Այս խնդիրը քննարկվեց 1307թ. Սսի ժողովում: Հայոց արքունիքը փորձում էր եկեղեցիների միավորման ճանապարհով ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների:
1307թ. նոյեմբերին Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատարն՝ իբր հյուրասիրության նպատակով, Անաբարզա հրավիրեց Հայոց թագավոր Լևոն Գ-ին, նախկին թագավոր Հեթում Բ-ին ու 40 հայ իշխանների և սպանել տվեց: Թագավորի հորեղբայր Օշինը, սակայն, մոնղոլներին կարողացավ դուրս քշել Կիլիկիայից և իրեն թագավոր հռչակեց:
Լարված իրավիճակ ստեղծվեց երկրում, երբ Օշինն ու Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը փորձեցին իրագործել Սսի ժողովի որոշումները: Մայրաքաղաքում տեղի էին ունենում ցույցեր և հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին հրաժարվել Սսի ժողովի որոշումներից: Տարաձայնություններին վերջ տալու համար Օշինն Ադանա քաղաքում հրավիրեց նոր ժողով, որը վերահաստատեց Սսի ժողովի որոշումները: Այսպես հայ հասարակության մեջ առաջացավ մի խմբավորում, որը փորձում էր Հայոց եկեղեցին միավորել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ: Այս խմբավորումը ստացավ ունիթորներ (միարարներ) անվանումը: Ունիթորների և հակաունիթորների պայքարը խախտեց հասարակության միասնությունը և մեծապես թուլացրեց երկիրը: