Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:
Կլիման ցամաքային է, տեղումները` 300-400մմ: Ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատներ: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ:
Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Տարվա տաք եղանակներին ամբողջ լեռը պատվում է գույնզգույն փարթամ ծաղիկներով: Պատահում են բազմաթիվ կենդանիներ: Գագաթի քարքարոտ մասերում, հատկապես շատ են թունավոր օձերը:
* * *
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արալեռի ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին:
Համաձայն լեգենդի` Արալեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրցքին դրած, պառկած մարդու:
Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որը կոչվում է նաև «Աքլորաքար»:
Աքլորաքարում ժայռի մեջ է խորանում մի քարանձավ, որը անվանում են Կույս Վարվարայի անապատ: Այցելուների մոտ սարսուռ է անցնում, երբ պատկերացնում է, թե ինչպես է ինքնազոհ կույսը գիշերել այդ բարձրության վրա` միակության մեջ` կայծակների ու հողմերի վտանգի կողքին:
Արալեռի հետ կապված է ևս մի ավանդապատում: Ասում են, որ երբ Հռիփսիմե և Գայանե կույսերը փախչում էին արքայական զինվորներից, նրանք խնդրում են մի հովվի, որ նա ապահով ուղղություն ցույց տա: Հովիվը կատարում է խնդրանքը, սակայն ամբողջը պատմում է զինվորներին: Այդ նույն վայրկյանին, հովիվը` իր հոտի հետ միասին, քարանում է:
Շատ գեղեցիկ է Արալեռը. նամանավանդ ոտքերից քիթը տանող ճանապարհին: Այդ սարը սովորաբար մեծ բազմություններ են բարձրանում ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի հիշատակի օրը: