Արփա գետը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքից և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք.կմ:
Այն սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով, ունի մեծ անկում: Ջերմուկի մոտ ընդունում է աղբյուրներից առաջացած ջրվեժը: Միջին հոսանքի որոշ հատվածներում Արփայի հովիտը լայն է, դարավանդավոր, ստորին հոսանքում դուրս է գալիս մերձարաքսյան հարթավայր:
Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը: Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսին, առավել չափով՝ մայիսին: Տարեկան միջին ծախսը՝ 21,6խ.մ/վ է, առավելագույնը՝ 146խ.մ/վ, նվազագույնը՝ 6,2խ.մ/վ: Տարեկան հոսքը՝ 682մլն.խ.մ:
Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլէկտրաէներգիա ստանալու համար: Արփայի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները:
Ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48,3կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը, Արենիի ջրհան կայանը և Կեչուտի ջրամբարը, որով կարգավորվում է գետի ռեժիմը:
Շատ գեղատեսիլ է Արփայի կիրճը, որով անցնում է Երևանից Արցախ և Իրան տանող մայրուղին: Արփայի մոտակայքում են գտնվում Արենիի եկեղեցին, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, Ագարակաձորի մոտ՝ XIIIդ-ի միակամար կամուրջը, բազմաթիվ քարանձավներ և այլ դիտարժան վայրեր: