Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:
Շատ գեղեցիկ է Ազատ գետը, որը հանդիսանում է Արաքսի ձախ վտակը: Երկարությունը 55կմ է, ավազանը՝ 572ք.կմ: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառով: Արգելոցով հոսող հատվածը անվանում են նաև Միլի գետ: Գառնի գյուղի մոտ աջից ընդունելով Գողթ վտակը մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ: Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Ունի մեծ անկում և քարքարոտ հուն:
Ազատը հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով: Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին: Հորդառատ օրերին կարելի է լսել, թե ինչպես են ջրերը հատակից պոկում քարերն ու խփում իրար: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար: Ազատի ջրերով է սնվում Ազատի ջրամբարը և ՀԷԿ-ը: Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 6,51խ.մ/վ է, առավելագույնը՝ 35,9խ.մ/վ, հոսքը՝ 206մլն.խ.մ է:
Ազատ գետի վրա գտնվում է XIIIդ-ի միաթռիչք կամուրջ՝ Գառնի գյուղի մոտ: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը: Գարնիի կողմից նայելով կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի: