Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է 24000հա տարածություն: Այն ընդգրկում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը` Հալաբի արևելյան, Միափորի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը:
Կազմակերպվել է 1958թ-ին` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով:
Անտառներն առաջին կարգի են: Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն: Հիմնական ծառատեսակներն են` հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի: Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ` կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում:
Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ: Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարի կղաքիս, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ: Կան նաև բազմաթիվ թռչուններ` կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ: Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը:
Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը և, իհարկե, հիասքանչ Գոշի լիճը: