Հայաստանը իր փոքրիկ տարածքում ունի բուսականության զարմանալի բազմազանություն:
Այստեղ հանդիպում է ավելի քան 3200 բարձրակարգ բուսատեսակ, այսինքն` յուրաքանչյուր 1000ք.կմ-ի վրա, միջինում` 107 բուսատեսակ: Սա շատ ավելին է, քան արևադարձային գոտում:
Հայաստանի բուսական աշխարհի 120 տեսակ կարելի է հանդիպել միայն Հայաստանում: Դրանցից շատերը կոչվում են հենց Հայաստանի և նրա առանձին մասերի անուններով. պատատուկ հայկական, ոզնատուփ հայկական, օշինդր հայաստանյան, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան և այլն:
Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ:
Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Հաճախ հանդիպում են` ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերից` աղածաղիկը: Դրանք հարմարված են չոր պայմաններին և զարգացած արմատների շնորհիվ հողի խորքից կարողանում են ջուր վերցնել:
Արարատյան գոգավորության կիսաանապատներում` 1000-1500մ բարձրության վրա, գերակշռում են հոտավետ օշինդրը, ուղտափուշը, կապառը, ջանգյուլումն ու անթառամ ծաղիկները: Տարածված են նաև մասրենին, գազը, բազմատեսակ ծաղիկները:
Տափաստանային գոտին Հայաստանի ամենատարածվածն է և զբաղեցնում է` 1400-2600մ բարձրությունը: Այս գոտուն բնորոշ է սիզախոտային, փետրախոտային, իսկ գոտու բարձրադիր մասում` հացազգի-տարախոտային բուսականությունը:
Հայաստանը համարվում է անտառներից աղքատ: Դրանք զբաղեցնում են տարածքի մոտ 10%: Հյուսիս-արևելքում, տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%, որտեղ հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, մասամբ` կաղնիներ և սոճիներ:
Հարավարևելյան անտառային զանգվածում, գերակշռում են արաքսյան կաղնին, հացենին, թխկին և ընկուզենին: Զանգեզուրի Ծավ գետի ավազանում, պահպանվել է սոսու պուրակը, որը միակն է Հայաստանում: Այդ վայրում, հին ժամանակներում, իրենց աղոթքներն էին կարդում քրմերը` «ձայն էին տալիս»:
Նշանավոր են Արցախի Ննգի գյուղի անտառները, որոնք լի են վայրի բերքառատությամբ: Այնտեղ` վայրի անտառներում, աճում են պոպոկ, պնդուկ, մոշ, զկեռ, մորի, տանձ, խնձոր, շագանակ, սալոր, հանրահայտ ծնեփակը, ինչպես նաև ավանդական «ժնգյալով հացի» բոլոր 27 տեսակ կանաչիները:
Մեծ նշանակություն ունեն նաև Արցախի հյուսիսային անտառները: Այնտեղ կարելի է գտնել Հայաստանի տարածքում հազվադեպ հանդիպող բուսականություն:
Մերձալպյան և ալպյան գոտու բուսականությունը տարածվում է 2200մ բացարձակ բարձրությունից վեր: Այստեղ, բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից թողնում են գույնզգույն գորգերի տպավորություն, որոնք կոչվում են «ալպյան գորգեր»:
Ալպյան գոտին` իր փարթամ խոտհարքներով և արոտավայրերով, բացառիկ մեծ նշանակություն ունի Հայաստանի անասնապահության համար:
Ընդհանրապես` բուսականությունը Հայաստանում էապես առժեքավորում է այստեղի բնությունը: