Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165մ): Այն մեկուսացված լեռնազանգված է: Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165մ) և Սիս (3925մ): Հարաբերական բարձրությամբ (4300մ) Մասիսը աշխարհի ամենաբարձր գագաթն է:
Արարատի հիմքը ունի մոտ 130կմ եզրագիծ և գրավում է 1200ք.կմ տարածություն: Գագաթները բաժանվում են 2688մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով:
Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ: Սառցադաշտերը հարավարևմտյան լանջին իջնում են մինչև 3850մ: Անթրոպոգենի սառցապատման հետքերն այստեղ նկատելի են 2800-3000մ բարձրությունների վրա: Զառիկող լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»:
Արարատ անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ.թ.ա. VIIդ.-ում Աստվածաշնչում (Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ «Արայի արատ», «Հուր-արտա», «Հարա-հարա» (Լերինք լերանց), «Արիա-վարդա» (Արիաց երկիր) և այլն: Այստեղից է նաև «Ուրարտու» թագավորության անունը:
Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը: Արարատից Նոյը իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:
Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, որոնք Մասիսը իբրև հսկել են մարդկանց ներխուժումից, անդնդակուլ արել հանդուգն սահմանախաղտներին:
Ըստ «Արտավազդ» ժողովրդական հնագույն զրույցի, Հայոց թագավոր Արտավազդը շղթայակապված է Մասիսի վիհում և ջանում է դուրս գալ այնտեղից: Ավանդության համաձայն Արտավազդը գետնակուլ է եղել Գինո գետակի ակունքի մոտ:
Առաջին անգամ Մասիսի գագաթը փորձել է բարձրանալ Հակոբ Մծբինեցի ճգնավորը՝ Նոյան տապանը տեսնելու և նրանից որևէ մասունք բերելու նպատակով: Սակայն ճանապարհին նա հոգնել է և ննջել: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ ուղարկեց: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, IVդ.-ում հիմնվել էր Ս. Հակոբ վանքը:
Արարատը երկնադետ ու սուրբ վկան է մնում աստվածաշնչյան խորհրդավոր իրողությունների: Ըստ ավանդության՝ Մասիսի վրա թևածում են Նոյյան տապանի պահապան հրեշտակները:
1829թ.-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ, այնուհետև 1846թ.-ին անգլիացի Հ.Դ.Սեմյուրի հետ Մասիսի գագաթն է բարձրացել հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանը: Ասում են, որ նա ևս մեկ անգամ էր բարձրացել այդ սարը, որտեղ մոլորվեց ու անհայտ կորավ:
Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12ք.կմ հիմքի մակերեսով: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Հյուսիսարևելյան լանջին գտնվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով, ձգվում է գագաթից մինչև ստորոտ (մոտ 10կմ) և մերձգագաթնային շրջանում խորանում է ավելի քան 1000մ: Պատվանդանային մասը գմբեթաձև է, չափավոր թեք լանջերով: Պատվանդանի առանձին հատվածներ ալիքա-թմբավոր սարավանդներ են՝ 3250-3450մ բարձրությամբ:
Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է: Գագաթնային մասը ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով ու քարակույտերով: Լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված: Զուրկ է հավերժական ձնից և սառցադաշտերից:
Արարատը բազմածին հրաբուխ է՝ կազմված նեոգենի անդեզիտա-դացիտային և քվարց-տրախիտային լավաների հզոր գոյացումներից և նրանց պիրոկլաստներից: Լավաները, լինելով առավել մածուծիկ՝ մեծ մասամբ կուտակվել են ժայթքման շրջանում, որի պատճառով լեռը համարվում է նաև էքստրուզիվ զանգված: Նրա լանջերին տեղադրված խարամային և կոնաձև բարձրությունների զգալի մասը անթրոպոգենի անդեզիտա-բազալտային լավաների հոսքերի արտավիժման կենտրոններ են:
Արարատի հիմքը պալեոզոյի և մեզոզոյի նստվածքային ապարներից կազմված ծալքաբեկորային կառուցվածք է: Տեկտոնական խաղտումներով տրոհված է առանձին բեկորների, որոնք նեոգեն-անթրոպոգենում ենթարկվել են դիֆերենցված ուղղաձիգ շարժումների:
Արարատի առաջացումը կապված է երկրակեղևի Հարավ-Արաքսյան խորքային խոշոր ճեղքի հետ: Ճեղքից սկզբում ժայթքել է թթու, իսկ ավելի ուշ՝ հիմքային մագման և ծածկել ծալքաբեկորային հիմքն ու կից գոգավորություններում կուտակված միո-պոլիցենի ու անթրոպոգենի լճա-գետային նստվածքների մի մասը:
Արարատը Հայկական լեռնաշխարհի ակտիվ սեյսմիկ շրջաններից է: Բազմաթիվ անգամ (139, 1319, 1679, 1840, 1887թթ. և այլն) կրկնվել են ավերիչ երկրաշարժները: 1840թ.-ի երկրաշարժի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Ս.Հակոբի վանքը և հարևան Ակոռի գյուղը: Մովսես Խորենացին Մասյաց վիհի առաջացումը կապում է 139թ.-ի երկրաշարժի հետ:
Արարատը ունի հրաբխային շինանյութեր: Արարատի վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը: Ձմերը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով: Հունվարում միջին ջերմաստիճանը տատանվում է -6°C-ից (ստորոտում) մինչև -25°C (գագաթում), հուլիսում՝ 26°C-ից (ստորոտում) մինչև 0°C և ցածր (գագաթում):
Մթնոլորտային տեղումները ստորոտում տարեկան չեն անցնում 250մմ-ից, սակայն սարն ի վեր ավելանում են և գագաթնային մասում հասնում 1000մմ-ի: Տեղումները առավելագույնը թափվում են գարնանը, նվազագույնը՝ ձմռանը:
Չնայած առատ մթնոլորտային տեղումներին, Արարատի գագաթնային մասի լանջերը չոր են և թողնում են քարային անապատի տպավորություն (հայտնի են միայն Ս. Հակոբի աղբյուրը և Գինո գետը): Այդ հանգամանքը պայմանավորված է լեռնագագաթը կազմող հրաբխային ապարների ճեղքվածությամբ, որոնցով արագ ներծծվում են մթնոլորտային տեղումները:
Արարատի հյուսիսային ստորոտից, Դաշբուռուն գյուղից հարավ, բխում է Արաքսի վտակ Միջին Սևջուրը: Արևելյան կողմից Սևջրին խառնվում է Գինո գետակը՝ ոռոգելով Ակոռու այգիներն ու դաշտերը:
Արարատի միջին գոտու (1500-3500մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է: Կան լավ արոտներ ու գիհու թփուտներ: Ստորին գոտում (1500մ-ից ցած) գերակշռում են կիսաանապատային աղասեր բույսերն ու չորասեր թփուտները, ճահճուտներում՝ եղեգնուտները, միայն Սարդար-բուլաղի աղբյուրի մոտ աճում են կեչու թփուտներ:
Արարատը հարուստ է զանազան կենդանիներով ու թռչուններով: Հնում Արարատը հռչակված էր, որպես Հայոց արքունական որսատեղի:
Արարատը եղել է և մնում է հայ ժողովրդի ներշնչանքի աղբյուրը, որին ակամա գամվում են անցորդի հայացքն ու մտքերը: