(1878 - 1956)
Դերենիկ Դեմիրճյանը հայ դասական գրողներից է: Նրա հատկապես երկու գործերը` «Քաջ Նազար» կատակերգությունը և «Վարդանանք» վեպը, հայ գրականության ամենասիրված գործերի թվին են պատկանում:
Դեմիրճյանը ծնվել է 1878թ. Ախալքալաք քաղաքում, որն այսօր Վրաստանի Հանրապետության կազմում է: Կրթություն ստացել է ծննդավայրի դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ավարտել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանը: Ուսուցչի պաշտոնով աշխատել է Թիֆլիսում: 1920-ական թթ. տեղափոխվել է Երևան, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը: 1953թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, իբրև մի գրող, որ մեծ ծառայություններ ունի հայ գրականության, մշակույթի, լեզվի զարգացման գործում:
Դեմիրճյանը եղել է Հովհաննես Թումանյանի կազմակերպած «Վերնատուն» գրական ընկերության անդամ. «Վերնատան» անդամները հավաքվում էին Թումանյանի` Թիֆլիսում գտնվող բնակարանում և քննարկում գրական հարցեր, իրենց նոր ստեղծագործությունները: Դեմիրճյանը մտերիմ էր հատկապես Ավետիք Իսահակյանի հետ. նրանց բարեկամությունը շարունակվեց մինչև Դեմիրճյանի կյանքի վերջը:
Դեմիրճյանը շատ գործեր է գրել` բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, դրամաներ և կատակերգություններ, վիպակներ, վեպեր: Դրանցից շատերը հայ գրականության մնայուն (իրենց արժեքը միշտ պահպանող) գործերի թվին են պատկանում: «Քաջ Նազար» հանրահայտ կատակերգության մեջ Դեմիրճյանը ծաղրում է մարդկային այնպիսի արատները, ինչպիսիք են` ծուլությունը, տգիտությունը, վախկոտությունը, պարծենկոտությունը, դաժանությունը, անհիմն հավակնությունները: «Վարդանանք» պատմավեպը պատմում է 451թ. տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, հայ ժողովրդին ուզում էին պարտադրել իրենց հավատը: