(1924 - 1971)
Պարույր Սևակը (իսկական ազգանունը` Ղազարյան) ծնվել է 1924թ. հունվարի 26-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում, որն այժմ, ի պատիվ իր մեծ զավակի հանրաճանաչ պոեմի, կոչվում է Զանգակատուն: Իր ծննդավայրի, վաղ մանկության և դպրոցական տարիների մասին «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրականում բանաստեղծը գրել է. «Այն տունը, որտեղ ես ծնվել եմ... Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ` այս բառի ոչ պատկերավոր իմաստով: Իմ նախնիների ազգանվանը սերնդեսերունդ կպած է եղել «տերը», որ հոգևոր դասի տիտղոսն էր: Իմ պապերը սաներն են եղել Էջմիածնի հռչակավոր ճեմարանի: Նրանք երկհարկանի տուն են ունեցել` նկուղով և պատշգամբներով: Բայց 1918-1921 թվականներին մեր գյուղացիք ստիպված են եղել երեք անգամ լքելու իրենց տունուտեղը: Եվ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը` հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած, ապա նրանց երկհարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառվում` գետնափոր նկուղը: Այնտեղ էլ ծնվել եմ ես 1924 թվականի հունվարի 26-ին»:
Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար: «Կարոտ», «Անքնություն», «Չոր մասրենու մի հին չափար», ինչպես նաև «Անմոռուկներ մանկությունից», «Պատանության ծաղիկները», «Ծխանի ծուխ» շարքերի մյուս բանաստեղծությունները համակված են քնքշությամբ ու սիրով, ջինջ և մաքուր զգացմունքներով հայրենի բնության, մտերիմների և անցած երազային օրերի հանդեպ:
Առաջին բանաստեղծությունները ծնվել են դպրոցական տարիներին` որպես մանկական թրթռան ապրումների արտահայտություններ` չնայած այն բանին, որ մեծ աշխարհից կտրված այդ լեռնային գյուղում ընթերցասեր պատանին դժվարությամբ էր գրքեր գտնում կարդալու համար: Ինքնակենսագրականում բանաստեղծը ցավով հիշում է. «Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով... Ես ունեի մի երազ, որ այցելում էր քուն թե արթուն` տունը մինչև օճորք լցված էր գրքերով..»: 1940թ. գերազանց գնահատականներով ավարտելով դպրոցը` Պարույր Ղազարյանն ընդունվում է Երևանի պետական համալսարան: Իսկ 1942թ. , երբ Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժնի ուսանող էր, «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ: Հետագա տարիներին իրար հաջորդեցին բանաստեղծական նոր ժողովածուները, որոնց մի մասը գրվել է Մոսկվայում, ուր 1951-1959թթ. սովորել, ապա աշխատել է բանաստեղծը: Հենց այդտեղ էլ 1958թ. Սևակն ավարտեց «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվեց Երևանում 1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան: Եղեռնի թեման իր գեղարվեստական արտացոլումը ստացավ նաև «Եռաձայն պատարագ» պոեմում:
1963թ. տպագրվեց Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն, որի հերոսը ժամանակակից մարդն է` իր հոգու և մտքի լույս ու ստվերով: Բանաստեղծը, ափի մեջ վերցնելով մարդուն, վիճում է նրա հետ, երբեմն հերքում կամ հաստատում է, երբեմն դատապարտում է, երբեմն` ներում: Բանաստեղծությունների վերնագրերն իսկ ընտրված են այդ ձևով` «Խոստովանում եմ», «Հավատում եմ», «Տխրում եմ», «Մի պահ զղջում եմ», «Փառաբանում եմ», «Ուզում եմ» և այլն: Բանաստեղծը կյանքի իմաստը տեսնում է ամենքի հետ ու ամենքի համար ապրելու, լույսի նման մարդկանց տրվելու ու նվիրվելու մեջ («Ապրել»): Ընդունելով կյանքում ու բնության մեջ գոյություն ունեցող անխուսափելի երևույթները և ճանաչելով դրանց օրինաչափությունները` բանաստեղծը շատ է ուզում, որ դրանք ծառայեն միայն լավին ու բարուն, որ ոչինչ իզուր չկորչի, որ անվտանգ ու անխաթար մնա մեր մարդկային մոլորակը («Ուզում եմ»): Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ չլինեն մարդկանց բաժանող սահմաններ, բավական է մի բառ` «բարև», և անկարելին «դառնա կարելի Աշխարհում համայն. . . » («Բարև» ):
Բանաստեղծը հավատում է մարդկային մտքի ու ձիրքի ճարտարությանը, ստեղծագործ ու նորոգվող ոգուն, ճշմարիտ կյանքով ապրելու և կյանքը գեղեցկացնելու նրա վեհ ձգտումներին:
Իր բանաստեղծություններում Սևակն անկեղծ զրույցի է նստում ընթերցողի հետ` նշանաբան ունենալով այն, որ բանաստեղծները կոչված են լինելու ոչ միայն մարդկային հոգու թարգմաններ, այլև նրանց հոգու ցավը մեղմացնողներ:
Սևակը քննադատում է մարդու մեջ տեղ գտած արատները` հանուն նույն մարդու հոգեկան մաքրության, բարձր բարոյական հատկանիշների:
Նրա համար գոյություն ունի մարդկային մեկ որակ, աշխարհը շալակած տանող և ոչ թե աշխարհի շալակը ելած մարդու որակը («Մարդ էլ կա, մարդ էլ»):
Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվեց 1969 թվականին, բայց... հրապարակ հանվեց 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:
Սևակը գրել է նաև երեխաների համար: Ցավոք այդ հասցեով նրա առաջին ու վերջին ժողովածուն եղավ «Ձեր ծանոթները»` հրատարակված բանաստեղծի մահվան օրը:
Երիտասարդ սերնդին ուղղված յուրօրինակ մի կտակ է Սևակի «Որդուս» բանաստեղծությունը.
Ազնի՛վ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել...
***
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ...
Պ. Սևակի կյանքն ընդհատվեց 1971թ. հունիսի 17-ին, ավտովթարից, երբ բանաստեղծն ընդամենը քառասունյոթ տարեկան էր: