(XVI դար)
Միջնադարի հայ բանաստեղծության ինքնատիպ էջերից են հայրենները: Դրանք հիմնականում սիրային, պանդխտության և խոհախրատական թեմաներով հորինված տաղիկներ են՝ սովորաբար կազմված 15-վանկանի չորս տողերից կամ 7 և 8-վանկանի ութ կիսատողերից: Հայրենների ընդհանուր քանակը հասնում է մոտ 500-ի: XV-XVII դարերում գրված որոշ ձեոագիր մատյաններում խոհախրատական և պանդխտության հայրենների մի մեծ շարքի հեղինակ է նշվում XIII դարի նշանավոր բանաստեղծ Հովհաննես Պլուզ Երզնկացին: Բայց սիրային հայրենները, ինչպես նաև պանդխտության հայրենների մեծ մասը, հին ձեռագրերում հանդիպում են առանց հեղինակային անվան: Այդ տաղերը XIII-XVII դարերում տարբեր տաղասացների և գուսանների ստեղծած երգերն են, որոնք կատարվել են հարսանիքների, ուխտագնացությունների, խնջույքների, ժողովրդական այլ տոների ու հանդեսների ժամանակ՝ մոռացության մատնելով հորինողների անունները: Այսպիսի բանավոր լայն գործածության հետևանքով հայրենները, երբ ենթարկվել են նաև որոշ փոփոխությունների, զանազան տարբերակներով ձեոագիր ժողովածուներում գրառվել են իբրև անհեղինակ գործեր: 1882 թվականից սկսած որոշ հրատարակիչներ ու գրականագետներ հայրենների հեղինակ են ճանաչում նաև Նահապետ Քուչակին:
Նահապետ Քուչակն ապրել և ստեղծագործել է XVI դարում, Վանի մոտ գտնվող Խառակոնիս գյուղում, որտեղ և գտնվում է նրա գերեզմանը: Նա ունեցել է վարպետ աշուղի (գուսանի) համբավ, որ երկար ժամանակ պահպանվել է Վասպուրականի և հարևան գավառների հայ ազգաբնակչության հիշողության մեջ: Քուչակի անունով ձեռագրերում պահպանվել են մեկ տասնյակի հասնող աշուղական երգեր: Սրանք, որ իրենց վրա կրում են աշուղական երգի բոլոր հատկանիշները, թե՛ ծավալով ու տաղաչափությամբ, թե´ արտահայտման ձևերով, բովանդակությամբ ու լեզվամտածողությամբ տարբեր են հայրեններից:
Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «հայ քնարերգության ամենասքանչելի մարգարիտները» (Վալերի Բրյուսով): Հայրենները գեղեցկի կատարյալ ընկալմամբ, բանաստեղծական նուրբ զգացողությամբ տալիս են միջնադարյան հայ կյանքին, մարդկային ամենատարբեր հարաբերություններին, հոգեկան ապրումներին բնորոշ պատկերներ: Հայրեններում ևս սերը բարձր է դասվում բոլոր զգացմունքներից: Այն դիտվում է որպես մարդու գոյության անհրաժեշտ նախապայման, ուստի և դրվատվում են փոխադարձ ու անբաժան սիրո, անմնացորդ նվիրվածության, սիրած անձնավորությանը թանկ զոհաբերությունների գնով երջանկություն պարգևելու գաղափարներ: Ընթերցելով հայրենները՝ հաղորդակից ենք լինում սիրո հրճվանքն ու տառապանքը, խանդն ու կարոտը, սիրահարների գժտությունն ու հաշտությունը պատկերող վիճակների: Հայրենները հաստատում են աշխարհիկ ոգու հաղթանակը հայ բանաստեղծության մեջ:
Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը: Այս թեման հաճախ միահյուսվում է սիրո երգին: Նման դեպքերում արտացոլվում են սիրած էակի նկատմամբ երիտասարդ պանդուխտի ունեցած կարոտը, բաժանման վիշտն ու սիրո դրաման: Որոշ հայրեններ զարգացնում են հայրենասիրական տրամադրություններ` արտահայտելով հարազատ հող ու ջրի, հայրենի բնաշխարհի նկատմամբ անսահման սեր, կարոտ ու նվիրվածություն: