Ռուբեն Սևակ

(1885-1915)

Ռուբեն Սևակը (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի),ծնվել է 1885 թ. փետրվարի 15-ին Սիլիվրի գյուղում և մահացել` (Կ. Պոլսի մոտ)–1915թ. օգոստոսի 26-ին, դառնալով մեծ եղեռնի զոհ: Նա հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ է։ Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանամ, այնուհետև՝ Պարտիզակի ամերիկյան վարժարանում (մինչև 1901-ը)։ Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911–14-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։ 1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։

Սևակի առաջին բանաստեղծությունը («Բաժանման խոսքեր») տպագրվել է 1905-ին, «Մասիս» հանդեսում։ 1910-ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողովածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ: Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում («Մասիս», «Բյուզանդիոն», «Ոստան», «Արևելյան մամուլ», «Գեղունի», «Բազմավեպ», «Արագած», «Վերածնունդ», «Ամենուն տարեցույցը», «Ամենուն տարեգիրքը» և այլն)։

Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային-հայրենասիրական թեմաներով։ Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը» (1907), «Կարմիր դրոշակը» (1909) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909), «Թրուպադուրնեոը» (1910), «Փողոց ավլողը» (1911), «Մարդերգություն» (1909) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնատիպ գործերից են։ Արմատական դեմոկրատիզմի դիրքերից բանաստեղծը բացահայտել է բուրժուական հասարակության խոցերը, ցույց տվել աշխատավոր մարդու սոցիալական ողբերգությունը և ընդվզումը՝ փայփայելով «զրկված մարդկության բարի երազը»՝ ազատ ու արդար աշխարհի մասին։ Սևակի ազգային-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակնե՜ր, զանգակնե՜ր» (1909), «Ով իմ հայրենիքս» (1909), «Հայաստան» (1909) և այլ քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի, ողբերգական ճակատագրի թեման։ Սևակը առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Այդպիսին է մնում անգամ «Մարդերգություն» և «Թրուպադուրները» պոեմներում։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ նա ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք («Երգ երգոց», 1908, «Գինով սեր», 1908, «Եկուր», 1911, «Ինչո՛ւ», 1911, «Սիրո և մահվան երգը», 1912 և այլն), որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։

Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, պատմվածքներ, հանրամատչելի զրույցներ, քնարական խորհրդածություններ։ 1911— 1914-ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «բժիշկին գիրքեն փրցված էջեր» (1913) գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ («Ապրիլը հաղթել է», 1913, «Կռունկը», 1913, «Ահավոր տարակույսը», 1914, «Հարսերուն գաղտնիքը», 1914 և այլն)։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։ Թարգմանել է Լըկոնտ դը Լիլի, Հ. Հայնեի բանաստեղծություններից։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ