(մոտ 951-1003)
Հայ մշակույթի բացառիկ դեմքերից է հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին:
Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ 951 թվականին՝ նշանավոր մատենագիր և եկեղեցական գործիչ Խոսրով Անձևացու ընտանիքում: Մանուկ հասակում Գրիգորը որբացել է մորից և իր հետագա կյանքի ցավագին պահերին՝ կարոտ գթության ու սփոփանքի, սուր կերպով զգացել է նրա բացակայությունը:
Վաղ հասակից Գրիգորը կրթվել ու դաստիարակվել է Վանա լճի մոտ գտնվող Նարեկ վանքում, որի վանահայրը իր մոր արյունակից ազգական, ժամանակի առաջադեմ, գիտուն ու լուսամիտ հոգևորական Անանիա Նարեկացին էր: Նարեկի վանքում էլ Գրիգորն անցկացրել է իր ողջ կյանքը, ուստի տեղի անունով կոչվել է Նարեկացի: Նա վախճանվել է 1003 թվականին և թաղվել Նարեկի վանքում:
Հայ եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը ուրիշ սուրբ անունների հետ նշում է ամեն տարի՝ Թարգմանչաց տոնին (հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթ օրը):
Գրիգոր Նարեկացուց պահպանվել են տարբեր ժանրերի մի շարք երկեր: Տոն օրերին՝ եկեղեցական պաշտոնական արարողությունների ավարտից հետո երգելու համար նա ստեղծել է գրական-երաժշտական քարոզի մի նոր տեսակ, որ հաջորղ սերունդները կոչել են գանձ՝ ելնելով այն հանգամանքից, որ հեղինակի քարոզներից շատերը սկսվում են այդ բառով. «Գանձ անապական, ծածկեալ մեծութիւն...» և այլն:
Նարեկացու տաղերը նույնպես հորինված են կրոնական նկատառումներով: Ուստի դրանցով հեղինակը փառաբանում է Քրիստոսի ծնունդն ու հարությունը, եկեղեցին, խաչը, Աստվածամորը, հոգևոր այլ սրբություններ:
Բայց ի տարբերություն հին հոգևոր երգերի՝ Նարեկացու գրչի տակ հիշյալ սրբությունները պատկերվում են ոչ թե վաղուց կանոնացված արտահայտչաձևերով, այլ բնությունից ու կյանքից սւոացած անհատական ընկալումներով: Եվ այդ տւաղերի այլաբանական իմաստները անտեսելու դեպքում այն տպավորությունն է ստացվում, թե հեղինակը գովաբանում է կնոջ մարմնական բարեկազմությունը, տղամարդու կորովի կազմվածքը, բնության գեղեցիկ զարթոնքը:
Գաղափարի խորհրդանշական մարմնավորման այս սկզբունքը առանձնահատուկ է Նարեկացու տաղերին:
Ինչ խոսք, «Մեղեդի ծննդյան» տաղում «կարմիր վարդով լցված ծոցի» պատկերը ակնհայտորեն խորհրդանշում է Աստվածամորը մանուկ Հիսուսի հետ: Բայց այստեղ Մարիամը դրվատվում է ոչ որպես բոլոր կանանցից ամենաօրհնյալը, ոչ որպես անվերջ մեծարման արժանի փառաբանվող Սուրբ Կույս, մարդկային մեղավոր ցեղի փրկության համար հուսալի բարեխոսող, ինչպիսին նա ի հայտ էր գալիս ժամերգության մեջ: Գրիգոր Նարեկացու տաղում Աստվածամայրը կերպավորվում է որպես հմայիչ, կյանքով լեցուն, ճառագող գեղեցկությամբ ու զվարթ տրամադրությամբ երկրային մի գեղեցկուհի: Բանաստեղծը նկարագրում է նրա գեղգեղանքը, ձեռքերը, քայլվածքը, հայացքը, շրթունքները, ծոցը, հագուկապը և այլն, իրողություններ, որ անտեսված էին դասական հոգևոր երգի մեջ:
Իսկ «Տաղ վարդավառին» ստեղծագործությունը թեպետ խորհրդապաշտորեն պատկերում է Քրիստոսի պայծառակերպությունը, բայց ըստ իրական նկարագրության՝ մի գեղեցիկ բնանկար է՝ ծառ ու ծաղկի, վարդի և շուշանի, ամպի և արեգակի պատկերներով: Նարեկացու նկարագրած բնությունը շարժուն է, շնչում է կենդանությամբ և առանձնանում լուսեղեն երանգներով:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» քնարական պոեմը նվիրված է մարդու փրկության, նրա կատարելության խնդրին: Իր մարդասիրական բովանդակությամբ և առինքնող արվեստով «Մատյանը» հայ ու համաշխարհային գրականության եզակի երկերից է: