(1843-1891)
Ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Հայրը՝ Հովհաննես աղան,
միջին կարողության տեր ծառայող էր: Նախնիները գաղթել էին պատմական Ակն քաղաքից: Ադրիանապոլսի բնակչության մեծամասնությունը հույներ էին: Ապագա գրողի մանկությունն անցնում է հունական միջավայրում:
Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նրա առաջին ոսուցիչը եղել է հետագայում հռչակավոր կրոնական գործիչ Ներսես Վարժապետյանը, որի մասին Պարոնյանը համակրանքով է խոսում իր «Ազգային ջոջեր»-ում: Վարժարանում ուսուցումը առավելապես աստվածաշնչական ուղղություն ուներ և, բնականաբար, սաներին մեծ գիտելիքներ չէր կարող տալ: Բայց և այնպես, պատանի Հակոբը ուսման տարիներին բավական հմտանում է լեզուների, մասնավորապես մայրենի լեզվի իմացության մեջ: Վարժարանն ավարտում է 1857 թվականին: Նույն տարին էլ ընդունվում է Ադրիանապոլսի հունական դպրոցը, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի:
Սկսվում են Պարոնյանի, ինչպես և հայ գրողներից շատերի համար, գոյության մաքառումների երկար ու ձիգ տարիները, որոնք միայն խանգարում են ստեղծագործական աշխատանքին՝ չբերելով շատ թե քիչ նյութական ապահովություն: Կյանքում իր տեղը գտնել ձգտող եռանդուն պատանուն մերթ տեսնում ենք մի դեղագործի մոտ աշակերտելիս, ուր և կատարում է բանաստեղծական փորձեր (դրանք չեն պահպանվել), մերթ ֆրանսիական հայտնի ծխախոտի ընկերության Ադրիանապոլսի մասնաճյուղում` հաշվապահի պաշտոնով, մերթ փոքր եղբոր առևտրական գրասենյակում՝ դարձյալ որպես հաշվապահ, մերթ Պոլսի ֆրանսիական հեռագրական գործակալությունում՝ իբրև թարգման, մերթ տնային ուսուցչի ծառայության մեջ, մերթ Սկյուտարի ճեմարանում, ուր նրան աշակերտել է Պետրոս Դուրյանը: Իսկ այս ամենից հետո՝ խմբագրական աշխատանք զանազան պարբերականներում, որ նրա համար դառնում է կյանքի իմաստ ու նպատակ, որի ընթացքում բացահայտվում են պարոնյանական հազվագյուտ տաղանդի հնարավորությունները:
Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:
Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»-ին՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:
«Մեղու»-ի դադարումից անմիջապես հետո Պարոնյանը հիմնում է «Թատրոն» շաբաթաթերթը, որը լույս է տեսնում ընդամենը երեք տարի: Միաժամանակ հրատարակում է «Թատրոն մանկանց» պատկերազարդ պարբերականը: Սրանց դադարումից 5-6 տարի հետո միայն հաջողվում է հրատարակել նոր երգիծաթերթ՝ «Խիկար»-ը, որը շուտով արժանանում է նախորդների ճակատագրին:
Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:
Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27-ին: